ՊԱՌԱՎԱՔԱՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԽԱՂԱԹԱՔՍՏՈՑ
Ծրագրի անվանումը | Խաղաթաքստոց Պառավաքարի մանկապարտեզի համար |
Գտնվելու վայրը | Տավուշ, Բերդի շրջան |
Ծրագրի նկարագրությունը | Ապահով թաքստոցի կառուցում՝ կահավորված սանիտարական հանգույցով, օդափոխության համակարգով և խաղալու պարագաներով: |
Ծրագրի կարգավիճակը | Մեկնարկը կտրվի անհրաժեշտ գումարը հավաքագրելուն պես: |
Ծրագրի արժեքը | $4300 |
Հավաքագրված գումարը | $100 |
Ազդեցությունը | Դպրոց հաճախող երեխաների և ուսուցիչների համար անվտանգ միջավայրի ապահովում: Արտակարգ իրավիճակներում երեխաները կգտնվեն ապահով միջավայրում, կնվազի սթրեսի ազդեցությունը և վախը, կստեղծվի դրական միջավայր շփման և խաղի համար: |
Ծրագրի ղեկավարումը | Պահապան հիմնադրամը կվերահսկի ծրագիրը՝ ապահովելով դրա իրականացումը սահմանված ժամկետներում, և ծրագրի արդյունքները կտեղադրվեն կայքէջում: |
Նախապատմությունը
Պառավաքարը փոքր գյուղ է Հայաստանի Տավուշի մարզում՝ սահմանակից Ադրբեջանին: Տավուշի բազմաթիվ այլ գյուղերի նման Պառավաքար գյուղը նույնպես ենթարկվել է վտանգի և տառապանքների Ադրբեջանի կողմից հրադադարի հաճախակի խախտումների պատճառով: 2017 թվականի հուլիսի 28-ին ադրբեջանական կրակոցների հետևանքով վիրավորվել էր զինվոր: Չնայած պետական սահմանի երկայնքով ադրբեջանական կողմից հաճախակի արձակվող կրակոցներին՝ ամբողջ Տավուշում, այդ թվում՝ Պառավաքարում, մանկապարտեզները և դպրոցները յուրաքանչյուր ուսումնական տարի իրենց դռներն են բացում աշակերտների առջև:
Կարիքը
Պառավաքարի մանկապարտեզ հաճախում են 45 փորք երեխա: Մանկապարտեզը կարիք ունի ապահով մի վայրի, որտեղ երեխաներն ու իրենց ուսուցիչները կկարողանան թաքնվել հաճախակի կրկնվող կրակոցների ժամանակ: Մանկապարտեզի տարածքի անվտանգ հատվածում առկա է փոքր քարե տնակ, որը Ձեր օգնությամբ հնարավոր է վերափոխել ապաստարանի: Պահապան հիմնադրամը նպատակ ունի վերանորոգել այն և ապահովել անհրաժեշտ սարքավորումներով, կահույքով՝ դարձնելով այն առավել հարմարավետ և ապահով:
Ամբողջ աշխատուժը կհրավիրվի գյուղից և սարքավորումների նյութերը կգնվեն Տավուշից՝ դրանով իսկ ստեղծելով ժամանակավոր աշխատատեղեր և խթանելով տեղական տնտեսությունը:
Ծրագրի արժեքը կազմում է գրեթե 4300 ԱՄՆ դոլար (2,064,000 ՀՀ դրամ):
Խաղաթաքստոցի կառուցմանը հանգանակած անձանց մասին տեղեկատվությունը կարտացոլվի «Դպրոցի վերանորոգման զեկույցում» և Պահապան հիմնադրամի կայքէջում:
Մենք սիրով կողջունենք Ձեզ գյուղն այցելելու և դպրոցը, որին Դուք օգնել եք, տեսնելու նպատակով: