ԱՊԱՍՏԱՐԱՆ ԿԻՐԱՆՑ ԳՅՈՒՂՈՒՄ
Կիրանցը Ադրբեջանի հետ սահմանին գտնվող ամենամոտ գյուղերից է, գտնվում է մարզկենտրոնից 24 կմ հյուսիս-արևմուտք, Քարահան (Կիրանց) գետի ձախ ափում։ Գտնվում է Երևանից 168 կմ հեռավորության վրա։Կիրանցը հիմնադրվել է առնվազն IV դարում (ավելի վաղ հիշատակումներ չկան)։ Գյուղը գտնվել է ներկայիս Կիրանցի վանքի շրջակայքում և եղել է խոշոր բնակավայր՝ Կունեն անվանումով։ Այն հանդիսացել է գավառային կենտրոն։ Այնուհետև գյուղը տեղափոխվել է Կիրանց գետի հովտի միջին հատվածներ՝ Առաքելոց վանքի մոտ։ Գյուղի բնակիչները ակտիվորեն մասնակցել են 20-րդ դարի 90-ականների սկզբին սկսված ինքնապաշտպանական մարտերին, աչքի ընկել հերոսությամբ։ Այս փոքրիկ գյուղը տվել է մեկ տասնյակից ավելի զոհ։ Կիրանցեցիների ջանքերով վնասազերծվել են ադրբեջանական բազմաթիվ կրակակետեր, ինչը հնարավորություն է տվել գյուղը համեմատաբար հեռու պահել ադրբեջանցիների գնդակոծություններից և ռմբակոծություններից։ Մարտերի ժամանակ աչքի են ընկել Սուրիկ Դավթյանը, Հրայր Ավալյանը, Սոս Դավթյանը, Գագիկ Վարդանյանը, Աշոտ Սիմոնյանը, Գագիկ Նազարյանը և այլք։
ԿԱՐԻՔ
Կիրանց գյուղն ունի մոտ 350 հոգի բնաչկություն, որոնցից մոտ 50 դպրոցահասակ երեխաներ են: Նրանք սովորում են գյուղի միակ դպրոցում: Գյուղը՝ գտնվելով սահմանի եզրին, կարիք ունի ապաստարանի, որը ապահով կերպով կպաշտպանի բնակիչներին թշնամու հարձակումից: Պահապան հիմնադրամը նախատեսում է կառուցել ստոգետնյա ապաստարան, որն իր հարկի տակ կարող է պատսպարել մոտ 70 երեխա և մեծահասակ: Ապաստարանը՝ գտնվելով հողի տակ, կունենա միջազգային չափանիշներին համապատասխան անվտանգության բարձր աստիճան, կունենա լուսավորության և օդափոխության համակարգ: Ապաստարանը կնորոգվի Պահապան հիմնադրամի և Մեծ Բրիտանիայի հայ համայնքի, մասնավորապես Լոնդոնում բնակվող մեր հայրենակիցների աջակցությամբ: Շինարարությունն արդեն ընթացքում է: