«Պահապան զարգացման հիմնադրամի» նախաձեռնությամբ, Տավուշի սահմանամերձ 15 գյուղերում` դպրոց-մանկապարտեզների ներսում կառուցվելու են խաղասրահ-թաքստոցներ: Հիմնադրամի գործադիր տնօրեն ԻՆԳԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ կրակահերթերի ժամանակ երեխաները թաքնվելու ապահով տեղ կունենան: Թաքստոցները համապատասխանելու են անվտանգության չափորոշիչներին, կահավորվելու են որպես խաղասենյակներ: Գործելու են նաև կենսապահովման անհրաժեշտ պայմաններ` սանհանգույց, խոհանոց, օդափոխություն:
Առաջին խաղաթաքստոցը կառուցվել է Ներքին Կարմիրաղբյուրում` հիմնադրամի հիմնադիրների միջոցներով: Երկրորդ խաղաթաքստոցի վայրը Բերքաբեր համայնքի դպրոցն է: Անհրաժեշտ գումարը հայթայթելու համար հիմնադրամին միացել է շուրջ 25 սրճարան: Հաճախորդներին առաջարկվում է խաղ-թաքստոց, 200 դրամ վճարելով` խաղի մասնակիցը հավաքում է տնակի տեսքով խճանկարի մի կտորը: Հավաքված գումարն ուղղվում է թաքստոցների կառուցմանը կամ նորոգմանը և կահավորմանը:
Հետաքրքրվեցի` մինչ այժմ համապատասխան թաքստոցներ Տավուշում չե՞ն եղել: Ինգա Հարությունյանն ասաց, որ, ըստ իրենց հետազոտությունների, սահմանամերձ գյուղերում նման հարմար տարածքներ գրեթե չկան: Միջազգային Կարմիր խաչի աջակցությամբ շատ բնակավայրերում որոշ շինություններ վերակառուցվել են` դառնալով անվտանգ սենյակներ:
2016-ից գործող «Պահապան զարգացման հիմնադրամը» Տավուշի մարզի երեխաների համար, ապահով միջավայրի ապահովումից զատ, իրականացնում է նաև սոցիալ-տնտեսական, մշակութային ծրագրեր, որպեսզի տեղի բնակչությունն աշխատանք ունենա, երիտասարդները` հետաքրքրություն. «Գործառույթը լայն է, եթե մասնավորեցնեմ, հիմնադրամն աշխատում է տեղական զբոսաշրջության զարգացման ուղղությամբ: Օրինակ, համագործակցում ենք ՀԱԵ Տավուշի թեմի հետ, փորձում ենք աջակցել, որ բարեկարգվեն վանքերի տարածքները, զբոսաշրջիկների համար հարմարավետ ծառայություններ ստեղծվեն, Տավուշի մարզը ներկայացվի որպես հետաքրքիր պատմամշակութային միջավայր»:
Անդրադառնալով առաջիկա ծրագրերին` զրուցակիցս ասաց, որ օգոստոսի 6-12-ին Տավուշի հոգևոր թեմի նախաձեռնությամբ, հիմնադրամի և այլ կազմակերպությունների աջակցությամբ, «Հաղարծին» վանական համալիրում կանցկացվի «Հաղարծնի մշակութային շաբաթ» խորագրով հոգևոր և կիրառական մշակույթի փառատոն: «Անցյալ տարի «Հաղարծնի մշակութային շաբաթի» օրերին, առանց մեծ գովազդի, վանքի տարածք է այցելել 10 հազար զբոսաշրջիկ»,— ընդգծեց Ինգա Հարությունյանը: